Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառը ոչ տեխնիկական խնդիրներն են, որոնք, հայկական կողմի հավաստմամբ, վաղուց լուծված են, ոչ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի եւ Ղարաբաղի առեւտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ոչ դրական, ոչ էլ բացասական առումով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Եվրասիական միության հսկայական շուկայի վրա։ ilur.am
պորտալում զետեղված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա համոզմամբ, ԵԱՏՄ-ին
Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառը պետք է որոնել քաղաքական ոլորտում։ «Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջեւ` հարկադրված լինելով ծանրութեթեւ անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետեւանքները, որոնք կանխատեսելը մեծ երեւակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արեւմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական եւ տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին», - ամփոփել է Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք,
որ ի սկզբանե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը նախատեսվում էր ընթացիկ տարվա հուլիսին,
սակայն հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչև 2014 թվականի հոկտեմբեր: