Հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, լրագրողներին հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՙՀայրապետյանին հայրենասեր եմ համարում, ում ներդրումը մեծ է Հայաստանի և Արցախի զարգացման հարցում՚,- հայտարարել է քաղաքական գործիչը`նշելով, որ հարկավոր է սպասել հետաքննության ավարտին: Նրա խոսքով, պատահական չէ, որ Հայրապետյանը ձերբակալվել է հենց այն ժամանակ, երբ Հայաստանը սեփական ազատության և ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում հստակություն մտցնելու ընտրության առջև է կանգնած:
Հովհաննիսյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այն հարցում, որ Հայրապետյանի գործը որևէ ընդհանրություն չունի երկրի քաղաքականության հետ: ՙԿարծում եմ, որ նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, և եթե իշխանություններն արժանապատվություն ունեն, պետք է արձագանքեն դրան՚,- հայտարարել է նա:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում) և 174 (հանցագործ փողերի լեգալացում) հոդվածների հատկանիշներով կատարված հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին: Միջոցառումներն իրականացվել են ՌԴ Քննչական կոմիտեի ՙկինգիսեպյան՚ հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որին վերագրվում են տասնյակ պատվիրված սպանություններ: Ինչպես ՙՌոսբալթին՚ հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, Լևոն Հայրապետյանն ԱԴԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է հուլիսի 15-ին ՙԴոմոդեդովո՚ օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից: Լևոն Հայրապետյանի` հանցավոր խմբի հետ կապ ունենալու հնարավորության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր` ցմահ բանտարկված Իգոր Իզմեստևը: