Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բորբոքված սկանդալը սկսել է
հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին թատրոնի արտիստները ձախողել էին «Անուշ»
ներկայացումը` ի նշան բողոքի ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային
համակարգի:
Նման անսպասելի բողոքի ակցիային ստիպված էր
ուշադրություն դարձնել Մշակույթի նախարարությունը: Նախօրեին թատրոնի արտիստների և
ղեկավարության հետ հանդիպել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Հանդիպման
ընթացքում նա տեղեկացրել է, որ հունվարի 1-ից թատրոնի ստեղծագործական կազմի
աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Մինչդեռ թատրոնի արտիստների հունվարյան
աշխատավարձերը հաշվարկելիս այդ հավելումը հաշվի չէր առնվել:
Պողոսյանը նաև հաղորդել է, որ «2014 թվականի ՀՀ պետբյուջեի մասին» օրենքի համաձայն,
ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սպասվում է մշակույթի ոլորտի աշխատողների
աշխատավարձերի բարձրացում: Փոխնախարարը խոստացել է, որ առանձին կքննարկվի թատրոնի
ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը:
Ինչպես
հաղորդում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, թատրոնի
ղեկավարությունը ժամանակին պատշաճ կերպով իրազեկված է եղել վերը նշված հարցերի
մասին: