ՙԺառանգություն՚ ու ՀՅԴ կուսակցությունները կտրականապես դեմ են Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի հաղթահարման ուղիների վերաբերյալ ՀՀԿ տարածած առաջարկությունների նախագծին:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այդ փաստաթուղթն ընդհանուր ոչինչ չունի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրականության հետ: ՙԺամանակին մենք քաղաքական մեծամասնությանը ներկայացրել էինք ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ առաջարկությունների սեփական տարբերակ, որը նախատեսում էր խորհրդարանի ցրում և նոր նախագահական ընտրությունների անցկացում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հիման վրա և անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Սակայն այդ առաջարկությունները մերժվեցին: Իսկ այժմ ՀՀԿ մշակած առաջարկություններն ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, և խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած արտահերթ նիստում մենք այն կմերժենք՚, - հայտարարել է Հակոբյանը: Նա ընդսմին նկատել է, որ եթե կառավարող կուսակցությունն իրոք ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ է փնտրում, ապա խորհրդարանի արտահերթ նիստում սեփական նախագծին զուգընթաց թող քննարկի նաև ընդդիմության տարբերակը:
ՀԱԿ-ն իր հերթին մշակել է հայտարարության սեփական նախագիծ` պահանջելով այն քննարկել առաջիկա արտահերթ նիստում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. ՙՀայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների եւ ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ, գիտակցելով, որ երկրի զարգացման եւ այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա, հայտարարում է. Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը եւ սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։ Անցկացնել լսումներ եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին եւ ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը՚։ ՀԱԿ-ը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության միայն հայտարարության այդ տեքստի շուրջ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ավելի քան լակոնիկ է եղել: ՙՄենք ուսումնասիրել ենք այդ փաստաթուղթը, այն մեզ համար միանգամայն անընդունելի է՚, - հայտարարել է նա:
ԲՀԿ մտադիր է այդ փաստաթղթի նկատմամբ իր դիրքորոշումը որոշակիացնել այսօր երեկոյան: