Հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հարազատները և երկրի երաժշտասեր հանրությունը մտահոգված են Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան ներկայիս ցավալի վիճակով: Դեռ խորհրդային տարիներին այստեղ իրենց ստեղծագործություններն են գրել հայտնի անուններ: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է կոմպոզիտորի որդին և Միրզոյանի հիշատակի հանձնախմբի ղեկավար Արշակ Միրզոյանը, մշակույթի ռուս և հայ մի շարք գործիչներ նամակ են հղել ՀՀ նախագահի անունով` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անունով կոչելու խնդրանքով, քանի որ այն ստեղծվել է հանրահայտ կոմպոզիտորի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ: Արշակ Միրզոյանն ընդգծել է, որ այդ քայլը թույլ կտա վերականգնել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան վաղեմի նշանակությունը և կօգնի ներդրումներ ներգրավել վերջինիս հիմնանորոգման համար: Ստեղծագործական տունը Միրզոյանի անունով կոչելու նախաձեռնությանն աջակցել են նաև Դիլիջանի Ավագանու խորհուրդը և նախագահին առընթեր Հանրային խորհուրդը: Բացի այդ, Միրզոյանի հիշատակի հանձնախմբին հաջողվել է հավաքել Հայաստանի կոմպոզիտորների միության շուրջ 80 անդամների ձայներ:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն իր հերթին ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ անմիջապես Միությանը ոչ ոք պաշտոնապես այդ նախաձեռնությամբ չի դիմել: ՙԴա անհարգալից վերաբերմունք է մեր հանդեպ, քանի որ Կոմպոզիտորների միությունից բացի ոչ ոք իրավազոր չէ այդ հարցի առնչությամբ որոշում կայացնել, առավել ևս, որ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Հայաստանի կոմպոզիտորների միության սեփականությունն է՚,- ընդգծել է նա: Իրավիճակը համարելով ՙփոթորիկ մի բաժակ ջրում՚`Ամիրխանյանը միաժամանակ նշել է, որ Կոմպոզիտորների միությունը պատրաստ է քննարկել այդ հարցը, հենց որ համապատասխան փաստաթղթեր /այդ թվում`հավաքված ստորագրությունները/ ներկայացվեն Հայաստանի կոմպոզիտորների միություն:
ՙՄենք պատրաստ ենք Կոմպոզիտորների միությանը տրամադրել բոլոր նյութերը`ցանկացած ժամանակ և ցանկացած ձևով՚,-ի պատասխան հայտարարել է Արշակ Միրզոյանը: