Գյումրիի
առևտրականները նույնպես միացել են Երևանի իրենց գործընկերների բողոքի ակցիաներին
ընդդեմ շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքի, որն
ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից:
Առավոտից ի վեր Գյումրիի շուկայի և տոնավաճառի
առևտրականները փակել են քաղաքի կենտրոնական փողոցները` պահանջելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած
կառավարական պատվիրակության այցը Գյումրի: «Եթե կառավարուևթյան անդամները Գյումրի
չժամանեն, ապա վաղը մենք ինքներս կգնանք Երևան և կմիանանք Երևանի մեր
գործընկերների բողոքի ակցիաներին», - սպառնացել են Գյումրիի առևտրականները:
Նշենք, որ այդ օրենքի դեմ արդեն մի քանի օր բողոքում են
նաև Երևանի շուկաների և տոնավաճառների առևտրականները: Սակայն, մամուլում հայտնված
տեղեկությունների համաձայն, առևտրի օբյեկտների սեփականատերերը խոչընդոտում են
առևտրականների մասնակցությանն ակցիաներին, երբեմն` սպառնում նրանց նկատմամբ հաշավեհարդար
տեսնել: Այսպես, Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Հարությունյանն անձամբ
կոտրել է այն առևտրականների ոսկերչական տաղավարները, ովքր «հանդգնել էին»
մասնակցել ակցիաներին:
Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը` իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը
հայտնելով առևտրականներին` նրանց արդար պայքարում: ՀԱԿ-ը նաև իրավապահ մարմիններին
կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն առևտրի օբյեկտների սեփականատերերին,
որոնք ահաբեկում և սպառնում են իրենց աշխատակիցներին: ՀԱԿ-ը նաև հաղորդում է, որ
ԲՀԿ և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների հետ միաին նախաձեռնում է
շրջանառության հարկի մասին օրենքի համապատասխան փոփոխություններ, որոնք չեն
ոտնահարում փոքր և միջին ձեռնարկատիրության շահերը:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ, ներդրվում է ընտանեկան բիզնեսի կարգավիճակը: Այլ խոսքով, տարեկան մինչև 12 մլն.դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կգրանցվեն ընտանեկան բիզնեսի կարգավիճակով, ազատվելով հարկեր վճարելուց: 2015 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Դրա հետ մեկտեց, կներդրվի «բարեխիղճ հարկատու» համակարգը, որով ենթադրվում է, որ ՓՄՁ-ն ինքնուրույն տեղափոխվում է «սպիտակ դաշտ» և հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը: Կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների պատասխանատվության նորմերը, ինչպես նաև կխստացվեն վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: