Ազգային
ժողովն ապրիլի 30-ի նիստում փոփոխություն է կատարել «Ակցիզային հարկի մասին»
օրենքում, որին համապաատսխան, նախատեսվում
է թանկարժեք մեքենաներ ներկրողներին ազատել ակցիզային հարկերի
բարձր տոկոսադրույքների վճարումից:
Քվեարկությունից առաջ ՕԵԿ,
ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, թե չեն
մասնակցի քվեարկությանը, քանի որ օրինագիծն իր ներկայիս տեսքով բազմաթիվ հարցերի
պատասխան չի տալիս: Արդյունքում` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանն ստիպված է
եղել 20 րոպե ընդմիջում հայտարարել` մինչև
քվեարկությունն սկսվելը ՀՀԿ
խմբակցության ձայների անհրաժեշտ քանակ ապահովելու նպատակով: Ընդմիջումից անմիջապես
հետո փաստաթուղթը կրկին քվեարկության է դրվել և ընդունվել առաջին ընթերցմամբ:
Մեկ օր առաջ օրինագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Վարդան Այվազյանը նշել էր, որ
երկու տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխությունը, որը ենթադրում էր թանկարժեք մեքենաների ներկրման համար 20 տոկոս հարկի կիրառում, ցանկալի արդյունք չի տվել:
Ավելին, իրականում հանգեցրել է ինչպես նման կարգի ավտոմեքենաների ներմուծման
նվազման, այնպես էլ բյուջեի հատկացոմների 4 մլրդ դրամով նվազման: Այվազյանը նշել էր,
թե այդ հարկատեսակից հարկավոր է հրաժարվել, ինչը կհանգեցնի բյուջեի մուտքերի աճի:
Ավելին, նրա համոզմամբ, այդ օրենքը հավերժ չի լինի:
«Հունվարի 1-ին մենք մտնում ենք Միասնական տնտեսական տարածք եւ ընդունում մեքենաների միասնական տուրքեր: Իսկ դրանք արդեն բարձր են: Մենք ունենք ընդամենը 6 ամիս, որպեսզի
հնարավորություն տանք քաղաքացիներին լավ ավտոմեքենաներ ներկրել, և, միևնույն
ժամանակ, հնարավոր է, համալրել այն կորուստները, որ կրել ենք օրենքի գործողության
ընթացքում», - հայտարարել է նա:
Ի պատասխան պատգամավորների այն դիտողության, թե ի սկզբանե շքեղության հարկը
կիրառվել է, ելնելով սոցիալական արդարության ապահովման շահերից, այլ ոչ թե ֆիսկալ
խնդիրներից, Այվազյանը նշել է, որ սոցիալական արդարություն ապահովելու համար
անհրաժեշտ է շքեղության հարկ կիրառել ոչ թե ներմուծման ռեժիվով, դրանով իսկ
սահմանափակելով ավտոմեքենաների ներկրումը, այլ` գույքահարկի ռեժիմով: