Ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակի
կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից՝
Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական
ձեռքբերումը հանդիսացող սույն համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական
գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար և
հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով
միջնորդների գործունեության համար։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ԱԳՆ
մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ նշվում է, որ չնայած միջնորդների
բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների
մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը
փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են
ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ և խաթարում են
համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։ Միայն 2014 թվականի սկզբից
արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար
դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի
ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Մեր
խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական
անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված
ահաբեկչական գործողություններ են։
Նշվում է, որ շփման գծում մշտապես տեղի ունեցող
սադրանքները և նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները լոկ բարդացնում
են հակամարտության կարգավորման գործընթացը և հեռացնում ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: «Մենք խորապես համոզված ենք,
որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը
կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված
իրավիճակից և ամուր հիմք կծառայի կայուն և վերջնական խաղաղության հաստատման
համար»,-նշվում է հայտարարության մեջ։
Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և
Ադրբեջանի Հանրապետության միջև վստահության և անվտանգության ամրապնդման
կարևորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական լարվածության բացառման
համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի
շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն
ուղղված նախաձեռնություններով, ասվում է փաստաթղթում։
Մասնավորապես, նշվում է, որ 2001 թ. Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով
ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը
ներառում է հակամարտության կողմերի միջև համագործակցություն բոլոր՝ այդ թվում
ռազմական անվտանգության ուղղություններով։ Միջոցների շարքում առաջարկվել էր
կողմերի բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատել հրադադարի գործող
ռեժիմը պահպանելու և հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ
ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը, ինչպես նաև կողմերի և/կամ նրանց
օպերատիվ շտաբերի միջև ուղիղ հաղորդակցման կապի ստեղծումը, այդ թվում տեղական
մակարդակով։ 2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է
հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական
ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։
2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի
Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված և 1995 թ. փետրվարի
6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման
պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ
առաջարկով: 2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես
առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման
գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ
գործողություններից։
Դժբախտաբար, նշվում է հայտարարության մեջ, Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ
միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել
ադրբեջանական կողմից:
«Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
հավատարիմ մնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության
բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային
Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր
առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու
վերաբերյալ:
Ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ
հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ
կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ
գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման
ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ»,-նշվում է ԼՂՀ ԱԳՆ
հայտարարության մեջ: