Ամերիաբանկը ճանաչվել է 2012 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից: Սույն թվականի մայիսի 9-ին Ստամբուլում Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, մեկ անգամ ևս վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ գործունեության ծավալման մասին: Առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:
Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով: Բանկն օրեցօր ընդլայնում է համագործակցությունը ինչպես ներկրողների, այնպես էլ արտահանողների հետ: 2012թվականին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 75%-ով: Իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի կողմից ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 90%-ով և 31.03.2013թ. դրությամբ կազմել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում, ակրեդիտիվների ծավալն աճել է 115%-ով, իսկ բանկային երաշխիքներինը` 56%-ով:
Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալների ընդլայնմանը զուգահեռ իր հաճախորդներին առաջարկում է ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ, նոր ու ժամանակակից լուծումներ:
Առևտրի աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme) շրջանակներում սույն թվականի մայիսի 9-ին ՎԶԵԲ-ը Ստամբուլում կազմակերպել էր միջոցառում, որի ժամանակ Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո Ամերիաբանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ: Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. ՙՆման կարգավիճակի ստացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը զարգացնելու համար: Այն մեծապես կնպաստի արտահանման ծավալների աճին և տեղական արտահանողների համար առավել հասանելի կդարձնի առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: Հաստատող բանկի կարգավիճակը նաև ձեռքբերում է այն առումով, որ առաջին անգամ ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ներառվեց նաև hայաստանյան բանկ` ի դեմս Ամերիաբանկի՚: ՎԶԵԲ-ի հաստատող բանկերի ցանկում ընդգրկվելը մեկ անգամ ևս վկայում է Ամերիաբանկի բարձր վարկանիշի մասին` որպես հուսալի և ճանաչված գործընկեր միջազգային շուկայում:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Հանձինս Ամերիաբանկի` Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց հայաստանյան բանկին: