ՙՎրացական երազանք՚ կառավարող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթեց Վրաստանի նախագահական ընտրություններում`քվեաթերթիկների 99,68 տոկոսի հաշվարկի արդյունքում ստանալով ձայների 62,12%-ը: Այդ մասին այսօր հաղորդել է Վրաստանի ԿԸՀ-ն: Գլխավոր մրցակիցներ Դավիթ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն ստացել են համապատասխանաբար 21,72% և 10,18% ձայն:
Վրաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3,537.719, հոկտեմբերի 27-ի ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,6% : Հիշեցնենք, որ Վրաստանում պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իրար հաջորդող երկու ժամկետից ոչ ավել:
Գ. Մարգվելաշվիլին ծնվել է 1969թ. սեպտեմբերի 4-ին: Ավարտել է Թբիլիսիի պետական համալասարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և ուսումնասիրել սոցիոլոգիա Չեխիայի Կենտրոնական Եվրոպայի համալսարանում: Փիլիսոփայության դոկտոր է: 2000-2012 թթ. աշխատել է Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում, զբաղեցրել ռեկտորի պաշտոնը: Այնուհետև զբաղեցրել է Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը: Այս տարվա փետրվարին դարձել է երկրի փոխվարչապետի առաջին տեղակալը: Ընթացիկ տարվա մայիսի 11-ին ՙՎրացական երազանք՚ կառավարող կոալիցիան, որի կազմում ընդգրկված է 6 կուսակցություն, նրան հանրապետության նախագահի իր թեկնածուն հայտարարեց:
Եվրոպացի անկախ դիտորդների կարծիքով, չնայած ընտրողների մասնակցության ոչ այնքան բարձր աստիճանին` Մարգվելաշվիլիի հաղթանակը բավական համոզիչ է պաշտոնում վերջինիս լեգիտիմության ապահովման համար: Նրանք գտնում են, որ Վրաստանի ներկայիս ընտրությունները լավագույնն էին ողջ տարածաշրջանի պատմության մեջ: