Թուրքիայի համար դժվար կլինի փակ պահել Հայաստանի հետ
սահմանը`նրա Մաքսային միության անդամ դառնալուց հետո: Այս մասին այսօր կայացած
քննարկումների ընթացքում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքերով,
ՄՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հայ-թուրքական սահմանը կփոխի իր կարգավիճակը:
«Դա արդեն կլինի սահման`Թուրքիայի և Մաքսային միության միջև, և իմ կարծիքով,
կստեղծվի շատ բարդ իրավիճակ: Անկարայի համար դժվար կլինի փակ պահել Մաքսային
միության հետ սահմանը»,-գտնում է փորձագետը:
Մեկնաբանելով
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլու Երևան կատարած այցը, Մելքոնյանն ընդգծել
է, որ այդ այցը տեղավորվում է Անկարայի իմիտացիոն քաղաքականության շրջանակներում:
«Իրականում չցանկանալով նորմալացնել հարաբերությունները Երևանի հետ, Անկարան,
միևնույն ժամանակ, մեղմեց իր ռիտորիկան, և դա հստակ արտահայտվեց Դավոթողլու
մամուլի ասուլիսում, որը նախօրեին կազմակերպվել էր թուրքական ԶԼՄ-ների համար,
որտեղ թուրք նախարարը Հայոց ցեղասպանությունն անվանեց «ողբերգական դեպքեր»,
«տեղահանում», «անմարդկային ակտ» բառերով: Դավութօղլուն նաև Հայաստանը հայտարարեց
որպես պոտենցիալ բարեկամական երկիր:
Հռետորաբանության նման մեղմումը բացատրվում է ղարաբաղյան կարգավորմանը միջամտելու
Թուրքիայի փորձերով: Այստեղից էլ, ըստ էության, բխում են թուրքական
դիվանագիտության ղեկավարի բազմաթիվ ադրբեջանամետ հայտարարությունները»,-նշել է
Մելքոնյանը: