ՙParallels film production՚ ընկերությունը և Սթենֆորդի համալսարանը /ԱՄՆ/ Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայի շրջանակներում Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքների հանձնման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ ՙParallels film production՚-ը և ռեժիսոր Մարինե Զաքարյանն ավարտել են ՙԿիսալուսնի ծովածոցը՚ լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Սարոյանի չորս` ՙՄաղադանոսի այգին՚, ՙԾննդյան տոներից երեք օր անց՚, ՙԿիսալուսնի ծովածոցը՚ և ՙՓասիան որսացողը՚ նովելները կմիավորվեն մեկ լիամետրաժ ֆիլմում: Այս տարի ՙՓասիան որսացողն՚ արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` ՙԼավագույն դեբյուտ՚ անվանակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ընկերության ղեկավար, հայտնի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ստորագրված պայմանագիրը մեծ նշանակություն ունի, քանի որ առանց էկրանավորման իրավունքի գործնականում չի կարելի ֆիլմը վարձույթի հանել: Ռեժիսորը
հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը հրաժարվել է Հայաստանում իր ՙԽճճված զուգահեռներ՚ ֆիլմի տարածումից`որպես հեղինակային իրավունքները չպահպանելու դեմ բողոքի նշան: Սթենֆորդի համալսարանի հետ պայմանագրից բացի, կինոշուկայում ձեռք են բերվել ՙՓասիան որսացողի՚ և ՙԿիսալուսնի ծովածոցի՚ վերաբերյալ այլ պայմանավորվածություններ: Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը տեղի է ունեցել մայիսի 15-ից 26-ը: