Ոչ Մոսկվան, ոչ, առավել ևս, Բրյուսելը տվյալ փուլում պատրաստ չեն մեծ փողեր հատկացնել ինտեգրման նախագծերի իրագործմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը սեպտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում:
Նրա ասելով, թե եվրաինտեգրումը, թե եվրասիական ինտեգրումն այսօր թվում են զուտ ֆանտոմային գաղափարներ, քանի որ երկու դեպքում էլ չկան անհրաժեշտ ՙճանապարհային քարտեզներ՚: ՙՄենք այսօր տեսնում ենք խնդիրներ Ռուսաստանի և Բելառուսի միջև, որոնք հարուցված են ՙկալիումային պատերազմից՚: Դե միթե՞ դա համապատասխանում է Մաքսային միության տրամաբանությանը: Մյուս կողմից` ակնհայտ են նաև ԵՄ ֆինանսական դժվարությունները: Հետևաբար, ենթադրել, թե Մոսկվան կամ Բրյուսելը վիթխարի միջոցներ կներդնեն ինտեգրացիոն նախագծերի իրացման գործում, այնքան էլ ճիշտ չէր լինի՚, - ասել է փորձագետը:
Սկակովն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունները, թեև, հնարավոր է, ոչ շուտով, սակայն ապագայում, այնուամենայնիվ, կհամալրվեն որոշակի բովանդակությամբ: