ՙԹեղուտ՚ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին է նշվում ընկերության կողմից տարածաց հայտարարության մեջ:
Նշվում է, որ ընկերության աշխատողների, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 29–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝ ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ազդակիր համայնքներում, նոր աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները, նախատեսվող բնապահպանական միջոցառումները, ընկերության տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկություններ, ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. ապրիլի 15-ից կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն, ասված է հայտարարությնա մեջ:
Ինչպես ավելի վաղ ՀՀ կառավարությունում հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը նախատեսում է ներգրավել 338 մլն.դոլար: Ըստ ծրագրի, ներդրումները նախատեսվում են իրականացնել 28 տարում: Նախարարը նշել էր, որ 132 մլն.դոլար կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը և հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարությանը: Նախատեսվում է տարեկան ստանալ և մշակել 7 մլն.տոննա հանքանյութ: Ծրագիրն արժանացավ Հայաստանի բնապահպանների և հասարակական կազմակերպությունների կոշտ քննադատությանը: