Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ Սիրիայի հայտարարությունները քարոզչական քայլ են, ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՙԿովկաս՚ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ներկայումս դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ: ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է երկարատև ընթացակարգ, ինչի մասին է վկայում Հայաստանի օրինակը: Բացի այդ, Մաքսային միության երկրների միջև էլ նկատվում են որոշակի տարաձայնություններ: ՙՍիրիան ներկայումս այն վիճակում չի գտնվում, որպեսզի ՄՄ-ին անդամակցելու հարց բարձրացնի: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ընդհանուր սահմանների բացակայությանը: Բացի այդ, պետք չէ անտեսել այն փաստը, որ Սիրիան շրջապատված է, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություններով: Բավական է հիշեցնել, որ Թուրքիայի տարածքով Սիրիա թռչող գրեթե ամեն ինքնաթիռ վայրէջք է կատարում`զննության նպատակով: Կարծում եմ, որ խոսքը վերաբերում է բացառապես քարոզչական ակցիային՚,- ընդգծել է Իսկանդարյանը: Նշենք, որ այսօր Մոսկվայում Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը հայտարարել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու Դամասկոսի պատրաստակամության մասին: Նրա խոսքով, Սիրիան արդեն փոխում է իր օրենսդրությունը`ներդրողներ ներգրավելու նպատակով, առաջին հերթին`ռուսաստանցի, որոնց ընկերությունները կկարողանան սեփականություն ձեռք բերել Սիրիայի տարածքում:
Ըստ էության, սիրիական իրադարձություններից հետո այսօր առաջին անգամ Մոսկվան հայտարարել է արաբական հանրապետության հետ հարաբերություններն ակտիվացնելու իր մտադրությունների մասին: Ներկայումս ՌԴ-ն զենք և մի քիչ հումք է մատակարարում Սիրիային: Այժմ Մոսկվան շեշտը դնում է մեքենաների ու սարքավորման արտահանման վրա: Ծրագրեր կան էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության բնագավառում: Դամասկոսը պատրաստ է բացառիկ տնտեսական պայմաններ առաջարկել ռուսական բիզնեսին: Ռուսաստանցի մի շարք վերլուծաբանների կարծիքով, ՄՄ-ն արդյունքում կարող է տնտեսական կազմակերպությունից վերաֆորմատավորվել քաղաքականի:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հաղորդել էր, որ միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը հանձնարարվել է նախապատրաստել մինչև 2014 թ. հունիսի 1-ը: Նախօրեին հաստատվել է նաև ՄՄ-ին Ղրղըզստանի անդամակցման ճանապարհային քարտեզը: