Գործարար Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի անուններով օֆշորային ընկերություն է գրանցել առանց նրանց գիտության: Այդ մասին Սուքիասյանը խոստովանել է Գլխավոր դատախազությանը հասցերգած իր նամակում, որի պատճենը տրամադրել է Hetq.am կայքին:
Սուքիասյանի ասելով, օֆշորային WLISPERA HOLDINGS LIMITED ընկերությունն ինքն է հիմնադրել, բաժնետոմսերը գրելով Սարգսյանի և Կճոյանի անունով` առանց նրանց գիտության և համաձայնության: ՙԴա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ՚, - հայտարարում է Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել է Սուքիասյանի նկատմամբ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեռ մեկ տարի առաջ, գործարար Փայլակ Հայրապետյանի հայտարարությանը համապատասխան, քրեական գործ էր հարուցվել: Իսկ նախօրեին որոշում է կայացվել Սուքիասյանին ներգրավել որպես մեղադրյալ` խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ապօրինի ճանապարհով ստացված միջոցների օրինականացման համար:
Ավելի վաղ Hetq.am կայքում հայտնված հրապարակման համաձայն, Կիպրոսում գրանցված ՙWLISPERA HOLDINGS LIMITED՚ օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ՙադամանդագործ՚ Աշոտ Սուքիասյանը: Վարչապետն իր հերթին բազմիցս հայտարարել է, թե ոչ Կիպրոսում, ոչ այլ օֆշորում երբեք ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորություն չի տվել: Նա նաև հրապարակման առնչությամբ հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն` խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հոդվածում հրապարակված տեղեկատվությունը: