Հայ-թուրքական ամոթալի արձանագրությունները պետք է հանվեն խորհրդարանի օրակարգից: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին կոչ անելով քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Աբրահամյանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ այդ հարցը չի գտնվում խոսնակի իրավասությունների սահմաններում: Ի պատասխան, Փոստանջյանն ընդգծել է, որ Աբրահամյանը, լինելով քաղաքական գործիչ, ներկայացնելով ԱԺ խոսնակի պաշտոնը, ունի պայքարի լծակներ, որպեսզի այդ արձանագրությունները հանվեն օրակարգից: ՙԴուք պետք է շահագրգռված լինեք, որպեսզի նման ամոթանք չլինի ԱԺ-ում, իսկ եթե այն կա, ապա դուք կարող եք կազմակերպել բողոքի ակցիա, եթե չեք կարողանում օգտագործել մյուս լծակները՚,- հավելել է նա: Աբրահամյանը չի համաձայնվել, որ հայ-թուրքական արձանագրություններն ամոթալի են: ՙԵթե արձանագրություններն ստանային իրավական տեսք և վավերացվեին երկու երկրների կողմից, տնտեսությանը զարգացնելու մեծ հնարավորություններ կստեղծվեին: Դա կապ չունի Ցեղասպանության և քաղաքական մյուս գործընթացների հետ: Սահմանները պետք է բացվեն առանց որևէ նախապայմանների, ինչը ճիշտ կլիներ և զարկ կտար Հայաստանի տնտեսության զարգացմանը՚,-նշել է խոսնակը:
Նշենք, որ հայ-թուրքական արձաբագրություններն ստորագրվեցին 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Սակայն, արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես առաջարկում էր նախապայմաններ: Իսկ ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ խորհրդարանում սառեցվեց: