Վերջին տարիներին ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում առկա են դրական միտումներ, հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Karabakh-open.info-ին հարցազրույցում: Նա նշել է, որ այդ միտումներն արտահայտվում են տարբեր աշխարհամասերում օրենսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւերի եւ հայտարարությունների ընդունումով։
ԼՂՀ իշխանությունները մեծ նշանակություն են տալիս նաև արտասահմանյան տարբեր երկրների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։
Միրզոյանը նաև համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն անպայման դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման եւ հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: ՙԼՂՀ միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ պաշտոնական Բաքվի համար ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան կդառնա՚,- ընդգծել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարը: