Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակումն ապտակ է հայ հասարակությանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
ՙԴա ամոթալի նշանակում է, ապտակ ողջ հասարակությանը, և այն պետք է որոշի, թե ինչպես պատասխանի դրան՚,- ասել է նա: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ Ուկրաինայում նման բանին կպատասխանեին ևս մեկ մայդանով:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց:
Կրքերը հանդարտեցնելու համար Սյունիքի մարզպետ նշանակվեց ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Սակայն, ԱրմԻնֆոի- ունեցած տեղեկությունների համաձայն, երիտասարդ մարզպետի գործունեությնաը խոչընդոտում էր Սուրիկ Խաչատրյանը, ով վայելում է երկրի բարձրագույն ղեկավարության համակրանքը: Արդյունքում` Վահե Հակոբյանն ստիպված էր մեկ տարի անց հրաժարականի դիմում ներկայացնել: