Հակառակորդի օգտին լրտեսության և հայրենիքի դավաճանության մեջ մեղավոր ճանաչված Ռաֆայել Ավագյանը և Դավիթ Բարսեղյանը դատապարտվել են 11 և 10 տարվա ազատազրկման: Ամբաստանյալները, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչել՝ հայտարարելով, թե չեն գիտակցել սեփական գործողությունների իրական նշանակությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, Ավագյանն ու Բարսեղյանը մեղադրվում էին այն բանում, որ շուրջ մեկ տարի առաջ ՙՕդնոկլասնիկի՚ սոցիալական ցանցում ծանոթացել են Ստամբուլի բնակիչ Սամվել Ազատյանի հետ, ով ներկայացել էր որպես բարեգործական կազմակերպության անդամ և Ավագյանից որոշակի տեղեկություններ խնդրել ԼՂՀ Պաշտպանության բանակի մասին: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին, բժշկական սպասարկման և այլնի մասին տեղեկատվությանը:
Տեղեկությունների դիմաց Ավագյանը որպես նվեր ստացել է ձեռքի ժամացույց, այլ իրեր և շուրջ 1000 ԱՄՆ դոլար: Այդ գումարից 800 դոլարով Ավագյանը, Ազատյանի խորհրդով, բջջային հեռախոս է գնել, իսկ 200 դոլարը փոխանցել է Դավիթ Բարսեղյանին՝ Կովսականում սիրիահայերի լուսանկարների համար: