Մեկ գիշերում իր որոշումը 180 աստիճանով փոխած Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարում հաջորդ գիշերը կրկին փոխել այն 180 աստիճանով`վերադառնալով մեկնակետին: ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ կուսակցության վերաստեղծման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին: Մինչ այդ 2010 թվականից Երևանն ակտիվ բանակցություններ է վարել Ասոցացման համաձայնագրի ստորագրման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որոնք ենթադրվում էր ավարտել 2013 թվականին Վիլնյուսում Արևելյան գործընկերության նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ:
ՙԳլխավորն այն է, որ դեռևս անդառնալի քայլ, որը կարող է խաչ դնել ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների վրա, չի արվել: Հաշվի առնելով Եվրոպայի կողմից ուլտիմատումների բացակայությունը`Հայաստանի զարգացման հնարավորություն դեռևս կա, և այն դեռ կարելի է ընտրել: Այս պայմաններում, կարծում եմ, եվրոպացիներն ասոցացման գործընթացը չեն կասեցնի, և առնվազն մինչև նոյեմբեր Երևանը մտորելու ժամանակ ունի՚,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Մոսկվայի հնարավոր արձագանքին Երևանի նման հերթական շրջադարձին`Իգիթյանը նշել է, որ ռուսները երբեք նույն Բաքվի նկատմամբ իրենց քայլերը Հայաստանի իշխանությունների հավատարմության հետ չեն համեմատել: Այս տրամաբանության շրջանակներում Մոսկվան այսօր էլ չի փոխի Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հարցում: ՙՆույն Ալիևն ընդամենը մեկ տարի առաջ բավականին սառն է արտահայտնվել ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցման հնարավորության մասին: Եվ որևէ պատասխան ճնշում և պատիժ Մոսկվայի կողմից ոչ միայն չի հաջորդել, այլ ընդհակառակը`Ռուսաստանն սկսել է ձգտել Ադրբեջանի հետ մերձեցման՚,- ամփոփել է Իգիթյանը: