Նոյեմբերի 19-ից 23-ն Orange-ի հեռախոսային կենտրոններից 750 կամավորներ հեռախոսազանգեր են կատարել ավելի քան 60,000 ընտանիքների և ձեռնարկությունների, ինչի արդյունքում գրանցվել է ավելի քան 1,370,000 եվրոյի չափ նվիրատվության խոստում, որից 1 240 000 եվրո` Ֆրանսիայից, 71 000 եվրո` Գերմանիայից, 27 000 եվրո` Շվեյցարիայից, 21 000 եվրո` Հունաստանից, 6 000 եվրո` Բելգիայից և այլն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Օրանժ Արմենիա»
ընկերության մամուլի ծառայությունից, հանգանակված միջոցները ծառայելու են Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի կառուցման, Ղարաբաղում համայնքային կենտրոնների ստեղծման և այլ ծրագրերի ֆինանսավորմանը:
Տասնհինգ տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Orange-ն իր փորձով և գիտելիքներով կիսվել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամավորների հետ՝ վերջիններիս տրամադրելով իր հեռահաղորդակցության և ՏՏ հարթակները, մասնավորապես՝ Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող իր հեռախոսային կենտրոնները:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Օրանժ Արմենիան իր բաժանորդներին հնարավորություն է տվել մասնակցել Հեռուստամարաթոնին և կատարել նվիրատվություններ ՝ ուղարկելով SMS 7733 համարին կամ զանգահարելով 090008000 համարով: Մեկ SMS ուղարկելու կամ մեկ զանգ կատարելու դեպքում Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 500 դրամ:
Հիշեցնենք,
որ «Հայաստան»
համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում նոյեմբերի 27-ի
ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 28-ի 08:00-ն հավաքվել է շուրջ 12,4 մլն դոլար: