Ստեփանակերտին ղարաբաղյան հակամարտության կարգավորման
բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի և
Արցախի խորհրդարանների համատեղ հայտարարությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական
սահմանում և Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում լարվածության սրմամբ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր «Ժառանգություն»
խմբակցության քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
Նա վերստին ընդգծել է, որ բանակցություններին դրա երեք
կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասնակցության պայմաններում է միայն
հնարավոր հասնել գործուն արդյունքի: Մևնույն ժամանակ պատգամավորը կարծում է, որ
եթե պաշտոնական Բաքուն իրոք չի ցանկանում ստատուս-քվոյի պահպանում, ապա պետք է
նստի բանակցությունների սեղանի շուրջ` Արցախի մասնակցությամբ: Ընդ որում նա նշել
է, որ Ադրբեջանում իրավիճակն սթափ ընկալող միակ մարդը եղել է Ադրբեջանի ներկայիս
նախագահի հայրը` Հեյդար Ալիևը, ով պատրաստ
էր փոխզիջման ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Հիշեցնենք,
որ նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը
հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ է արել ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը
բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ կազմավորման գործընթացի լիովին եւ անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին եւ այն ժամանակ դեռեւս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը: «Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարեւոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ ուղղակի բանակցությունների շնորհիվ,
վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության եւ խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարեւորության մասին: Կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ», -
ասվում է հայտարարությունում: