Հայաստանը Եվրոպային առնչվող տնտեսական շահերը չպետք է զոհաբերեր ի նպաստ Ռուսաստանի հետ առանց այդ էլ խնդիրներից զերծ և լիովին ձևավորված քաղաքական հարաբերությունների: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀՇ կուսակցության վերաստեղծման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
ՙԵս խոսում եմ քաղաքականության մասին, համոզված լինելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը դիտատրկվել է ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական տեսանկյունից: Նովո Օգարևոյում Վլադիմիր Պուտինի հրապարակած մի քանի ոչ լուրջ փաստարկներից և թվերից բացի` ես չեմ նկատել որևէ տնտեսապես հիմնավորված հաշվարկ, որը մեզ թույլ տար խոսել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու օգուտների մասին՚, - նշել է Իգիթյանը:
Այդ համատեքստում քաղաքական գործիչը դժվարացել է հստակ որակել Հայաստանի եվրաինտեգրման զարգացումից Սերժ Սարգսյանի հրաժարվելու պատճառները, առանձնացնելով Երևանի նկատմամբ Կրեմլի խիստ ճնշման, մասնավորապես, Սարրգսյան-Պուտին կուլուարային զրույցի վարկածը` Նովո Օգարևոյում փաստաթղթերի ստորագրումից առաջ:
ՙՆշեմ, որ անձամբ ես չեմ տեսնում Հայաստանի նկատմամբ Կրեմլի ակնհայտ ճնշում, որով կարելի էր արդարացնել Հայաստանի գծի կտրուկ փոփոխությունը: Հետևաբար, բացատրությունն առնչվում է հանրապետության ներքաղաքական դաշտի անհեթեթությանը, նախագահի նորմալ թիմի բացակայությանը, վերջապես, նրա անհատական գործոններին՚, - ընդգծել է Իգիթյանը: Քաղաքական գործիչը Սարգսյանի հայտարարությունը որակել է հետընթաց, սխալական և նվաստացուցիչ, հայտարարելով, որ Հայաստանի նախագահը պետք է ամաչեր այնպիսի փաստաթուղթ ստորագրելուց, որը Հայաստանին ոչ մի տնտեսական օգուտ չի բերում: