Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանը ՙդողում է Ադրբեջանի ռազմական հզորության առջև, որը ցուցադրվել է վերջին զինվորական շքերթի ժամանակ՚, պարզապես, զառանցանք է, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Ալիևի ելույթը Ադրբեջանի կառավարությունում:
ՙԱյն փաստը, որ Ադրբեջանի նախագահը մինչ օրս հավատում է, թե բանակի հզորությունը պայմանավորված է զինվորական շքերթներով, խոսում է զինվորական գործի նրա թերի իմացության մասին: Երբեք չի կարելի բանակի մարտունակության մասին դատել շքերթներով և այլ զանգվածային միջոցառումներով, և դա կարող են վկայել ռազմական փորձագետները՚, - նշել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով Ալիևի ռազմաշունչ սպառնալիքներին` Հովհաննիսյանն ընդգծել է, որ հայոց բանակը բավականին մարտունակ է և պատրաստ` անհրաժեշտության դեպքում պատշաճ հակահարված հասցնել հակառակորդին:
Նշենք, որ կառավարությունում իր ելույթում Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ՙվերջին զինվորական շքերթը ցույց տվեց ադրբեջանական բանակի հզորությունը:
ՙՇքերթում ցուցադրված զենքը, զինամթերքը և տեխնիկան ամենավերջին մոդելներն են, ամենահզոր տեխնիկան: Եվ ուղղաթիռները, և տանկերը, զրահամեքենաները, հրետանային կայանքները վերստին ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը հզոր բանակների թվում է` համաշխարհային մասշտաբով՚, - ասել է նա, ավելացնելով, թե ՙայդ շքերթը մեծ անհանգստություն է հարուցել Հայաստանում՚: ՙԳիտեմ, որ շքերթից հետո այնտեղ առաջացած հիստերիան, խուճապը և վախի զգացումը մինչ օրս տեղի չեն տվել: Մենք թշնամու հետ կարող ենք խոսել ցանկացած լեզվով: Բոլոր քաղաքական և դիվանագիտական ջանքերից զատ մեր ռազմական հզորությունը գլխավոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՚, - հայտարարել է Իլհամ Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանն այսուհետև էլ կմեծացնի ռազմական հզորությունը: