Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ ՙԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՚ ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը և կայացրել է որոշում, որով հաստատել է եզրակացությունն այն մասին, որ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Այս մասին ասվում է Transparency International-ի`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Միաժամանակ, ՙԱպեյրոն՚ և ՙՄեգամոթորս՚ ընկերությունների հետ կապված, Հանձնաժողովն եզրակացրել է, որ ցանկացած այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը, անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ նախագահը նախապես հանդես գա շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ կամ ստանա Հանձնաժողովի պարզաբանումը՝ շահերի բախման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը դիմել է հանձնաժողովին, խնդրելով պարզել Գ.Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների (ՙԱլեքսերվե Ապեյրոն՚ ՍՊԸ-ն, ՙՄեգաֆուդ՚ ՍՊԸ, ՙԳալաքսի՚ սուպերմարկետ, ՙՄեգա մոթորս՚ ՍՊԸ, ՙՍանտա ֆե՚ սրճարան, ՙԳալաքսի՚ հացի գործարան, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանց, ՙԽրոնոգրաֆ՚, ՙՉիմեգ՚ ՍՊԸ, ՙՅուքոմ՚ ընկերությունների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:-լ-