ԱրմԻնֆո լրատվական գործակալությունը ձեռնամուխ է եղել ՙՏեխնոլոգիաներ՚ տեղեկագրի թողարկմանը: Այն լուսաբանում է զարգացման ընթացքն ու ներդրումների հնարավորությունները Հայաստանի համար հեռանկարային արդյունաբերության, գործնական գիտական նվաճումների, էներգետիկ, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև պետության քաղաքականությունն այդ ոլորտներում:
Ինչպես նշել է տեղեկագրի պատասխանատու խմբագիր, ԱրմԻնֆոյի վերլուծաբան Սամվել Սարգսյանը, նախագծի հիմնական նպատակը խնդիրների բացահայտումն է Հայաստանի աճի ներուժ ունեցող գիտատար ձեռնարկությունների լիարժեք աշխատանքը վերականգնելու կամ կազմակերպելու ճանապարհին: Տեղեկագի ուշադրության կենտրոնում է նաև ինովացիոն տեխնոլոգիաների, ապրանքների մշակման և Հայաստանում դրանց կիրառման ոլորտը, նման ներուժ ունեցող հայրենական ընկերությունների արտահանումային գործունեության ընդլայնումը: ՙՀայաստանում, թեև դանդաղ, սակայն մեծանում է գիտելիքների վրա հիմնված (knowledge based) տնտեսության ռելսերի իրական անցման, Հայաստանի և Սփյուռքի տեխնոկրատների և գիտնականների վիթխարի մտավոր ներուժի օգտագործման անհրաժեշտության գիտակցումը: Մենք ակնկալում ենք, որ տեխնոլոգիաների մասին ԱրմԻնֆոյի նոր տեղեկատվական ապրանքն ինչ-որ չափով կարագացնի այդ գործընթացը` դառնալով մշակողների, կարգավորողների և դոնորների երկխոսության կատալիզատոր՚, - նշել է վերլուծաբանը:
Ավելացնենք, որ ՙՏեխնոլոգիաներ՚ տեղեկագիրը նախնական շրջանում կթողարկվի ամիսը մեկ-երկուը անգամ՝ ռուսերեն և անգլերեն: