Բաքվի վերջին գործողությունների հետևանքով ադրբեջանական որոշ սահմանային բնակավայրերում խուճապ և մարդկանց արտահոսք կա, կառավարության այսօրվա նիստում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մեկ րոպե լռությամբ հարգելով ալիևյան ռեժիմի զոհ դարձած հայ զինվորների հիշատակը` պաշտպանության նախարարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ կառավարության ուշադրությանն է ներկայացրել սահմանին տիրող իրավիճակ: Նրա խոսքով, միայն այս տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 18 հազար անգամ, մինչդեռ 2013թ-ի ընթացքում` 13 հազար անգամ: Այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից կատարվել է 26 դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձեր, որից 15-ը` հուլիսից 25-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում:
ՙԼարվածությունը դեռ չի թուլացել: Հակառակորդն իրականացնում է ծավալով և բնույթով աննախադեպ ռազմական գործողություններ` բնակավայրերի ռմբակոծություններ, թիկունքում զորքերի տեղաշարժեր, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Մեր ուղղությամբ դիվերսիաների բոլոր փորձերը ձախողվել են, և, ցավոք, մենք ունեցել ենք կորուստներ: Բնակավայրերում Ադրբեջանը ուժեղացրել է ոստիկանական ռեժիմը, շտկումներ են կատարվել զորակոչային պլաններում: Այդ գործողություններն աննախադեպ են 1994-ից հետո: Իսկ դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն հրադադարի ռեժիմի խախտմամբ, և ավելի լայնամասշտաբ գործողությունների է նախապատրաստվում: Այս ամենը հետևանք է հռետորաբանության, և բանակցային գործընթացի վրա ազդելու և պարտվածի թերարժեքության զգացումից ազատվելու նպատակ է հետապնդում՚,- ասել է նա:
Նախարարը կառավարությանը հավաստիացրել է, որ մարտական ռեժիմը ուժեղացված է՝ հատկապես գիշերային ժամերին, և ՀՀ Զինված ուժերը և Պաշտպանության բանակը խստորեն պատժելու են հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում: ՙԹուրքը մնում է թուրք, և մենք գործելու ենք այն կանոններով, որով իրենք են փորձում գործել մեր դեմ՚,- ասել է Օհանյանը: