Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճակատագիրը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամքից, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում հանդիպման նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքով, հենց Պուտինի կամքից է կախված ինչպես Երևանի և Բաքվի, այնպես էլ` Կիևի հետագա ճակատագիրը: ՙԱյո, մենք դեմ ենք պատերազմին, չենք ցանկանում, որպեսզի հայեր ու ադրբեջանցիներ զոհվեն, բայց առանց պատերազմի խաղաղություն չի լինում: Սակայն, պետք է հասկանալ, որ խաղաղության, աշխարհում կարգուկանոն հաստատելու բանալին Կրեմլում է, ՌԴ ղեկավարի ձեռքում. այդպես է եղել 100 տարի առաջ, այդպես է հիմա ու այդպես կլինի միշտ՚,- հավաստիացրել է Ժիրինովսկին` ավելացնելով, որ Պուտինը խելամիտ որոշում կկայացնի, որից գոհ կլինեն թե’ Բաքուն, թե’ Երևանը:
Նշենք, որ օգոստոսի 8-9-ը Սոչիում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումները ՌԴ նախագահի հետ: