Իրանական գազն ավելի շահավետ այլընտրանք կարող է լինել
ռուսականի նկատամբ, եթե Հայաստանի իշխանությունները, վերջապես, այդ հարցի շուրջ
բանակցություններ սկսեն ԻԻՀ հետ: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի
ասուլիսում այդ մասին հայտարարել է իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:
Նա նշել է, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է
իրանական գազն ավելի ցածր գնով տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն
Հայաստանի իշխանություններն անտեսում են այդ հայտարարությունները: «Բավականին
տաօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են ավելի թանկարժեք և
կալորիականությամբ ցածր ռուսական գազն այն
դեպքում, երբ Իրանը կարող է ավելի էժան և բարձրորակ գազ ապահովել ինչպես
կանխիկ միջոցների դիմաց, այնպես էլ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերներով», - նշել է
լրագրողը: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները, որպես հաղթաթուղթ
օգտագործելով այլընտրանքը իրանական գազի տեսքով, կարող են «Գազպրոմի» հետ
բանակցություններ սկսել և իջեցնել մատակարարումների սակագները: «Իրանը բազմիցս
հայտարարել է Հայաստանով և Վրաստանով Եվրոպա գազ արտահանելու ցանկության մասին,
ինչը նույնպես ձեռնտու է Հայաստանին, քանի որ բացի էժան գազից Երևանը նաև փող կստանա
տարանցման դիմաց», - ընդգծել է Մինասյանը:
Լրագրողը նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե
Հայաստանի իշխանություններն ինչու են հետաձգում Հայաստան-Իրան երկաթուղու
շինարարությունը: «Դա Հայաստանին ավելի ձեռնտու է, քան` Իրանին, սակայն
իշխանությունները համառորեն չեն ցանկանում միջոցներ գտնել դրա շինարարության համար
այն դեպքում, երբ ԻԻՀ արդեն հայտարարել է տեխնիկական և ինժեներական աջակցություն
տրամադրելու մասին», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերի 4-ին Հայաստանի
էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին
հայտարարել էր, թե Թեհրան այցի ընթացքում իրանցի գործընկեր Համիդ Չիտչյանի հետ բանակցությունների հիմնական թեման Իրանից գազի ներմուծման ավելացումն էր: Սակայն Հայաստանում Իրանի դեսպան
Մոհամադ Ռեիսին հայտարարել է, որ նման բանակցություն չի եղել: Նա նաև նշել է, որ
ԻԻՀ խնդիր չի տեսնում Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացման
հարցում` եթե հայկական կողմը դա ցանկանա:
Հիշեցնենք,
որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի շրջանակում իրականացվեց
«ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոսը
ռուսական «Գազպրոմին» վաճառելու գործարք, ինչի արդյունքում «ՀայՌուսգազարդը»
դարձավ «Գազպրոմի» դուրստր ձեռնարկություն: Գործարքը «Գազպրոմին» թույլ է տալիս
Հայաստան գազ մատակարարել ներռուսական գներով, այսինքն` սահմանում 1000 խմ դիմաց
189 դոլարով: Ավելի վաղ Ռուսաստանը Հայաստանի համար գազի սակագինը բարձրացրել էր,
ինչի արդյունքում Հայաստանի սպառողներն ստիպված են ընթացիկ տարվա հուլիսից 30
տոկոսով ավելի վճարել երկնագույն վառելիքի դիմաց: