Հայաստանի նոր քրեական դատավարության օրենսգիրքը
թույլ կտա էապես բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները: Այդ մասին լրագրողներին
հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով մասնակցել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի քննարկմանը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են Արդարադատության նախարարության
աշխատանքային խումբը, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության
միության ներկայացուցիչները:
Նախարարի ասելով, ինչպես դատավորները, այնպես էլ
փաստաբանները բազմիցս նշել են, որ Հայաստանում
որպես խափանման միջոց հիմնականում ընտրվում է
կալանքը, և դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրում այլընտրանքային խափանման միջոցներ, ըստ էության, գոյություն չունեն, օրինակ` տնային կալանք, վարչական տույժ և այլն: «Նոր օրենսգրքին
համապատասխան, այդ միջոցները ներմուծվելու են, և պիտի հուսանք, որ դրանք ամրագրվելուց հետո առաջիկա տարիներին մենք էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները, ինչպես նաև մարդու նկատմամբ կալանքը կկիրառվի ամենավերջինը: Սա, իմ կարծիքով, առաջարկվող ուղղումների առավել
կարևոր բաղադրիչն է», - նշել է Թովմասյանը:
Բացի այդ նախարարն ընդգծել է, որ հաճախ մեղադրանքի հիմք է ընդունվում խոստովնական ցուցմունքը, և եթե հանկարծ ցուցմունք տվողը դրանից հրաժարվում է, ապա մեղադրանքը, փաստորեն, փլվում է: Իսկ նոր քրեական դատավարության օրենսգրքում սահմանվում է, որ միայն ինքնախոստովանանքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, եթե դա չի հիմնավորվում այլ ապացույցներով: «Նոր քրեական դատավարության օրենսգրքի երրորդ կարևոր բաղադրիչը՝ էապես բարձրացվում է դատարանի դերը: Այսուհետև այս կամ այն արարքի
քրեաիրավական որակումը կորոշի դատարանը», - ասել է նախարարը: