Հայաստանի գլխավոր դատախազությունը երախտագիտություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, որոնք արձագանքել են ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությանը և մասնակցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստին: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում:
Աշխատանքային խումբն ստեղծվել էր Զինվորական դատախազության նախաձեռնությամբ` հուլիսի 2-ին: Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ է ներկայացրել հինգ կազմակերպություն` ՙՀայկական լեգեոն՚ կամավորական հայրենասիրական միությունը, ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը, ՙԼրագրողներ հանուն մարդու իրավունքների՚ և ՙԻրավունքների պաշտպանություն առանց սահմանների՚ հասարակական կազմակերպությունները և ՙՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՚ Վանաձորի գրասենյակը:
Աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ ձևավորվել են խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվել են մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքային խումբն իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին: