Երևան: ԱրմԻնֆո: Ստամբուլի նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուն ցուցարարներից ներողություն է խնդրել բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների չարդարացված դաժանության համար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՙՆովոստի՚ ԼԳ, նահանգապետը համապատասխան հայտարարություն է տարածել ՙԹվիթեր՚ սոցիակալամ ցանցում: Մութլուն նաև նշել է, որ երիտասարդությունը լիովին իրավունք ունի պաշտպանել սեփական շահերը, սակայն կոչ է արել դա անել իշխանությունների հետ երկխոսության ճանապարհով: Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ում հրաժարականն էին պահանջում ցուցարարները, հայտարարել է, թե չնայած մասշտաբներով աննախադեպ բողոքի ակցիաներին, որոնք ընդգրկել են գրեթե ողջ երկիրը, ինքը միանգամայն վստահ է, որ իր դիրքերն անսասան են: Ըստ ՙԻնտերֆաքսի՚, Էրդողանն իր կողմնակիցներին կոչ է արել ՙդաս տալ՚ բողոքավորներին` սատարելով իրեն 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նա հերթական անգամ սուր քննադատություն է ուղղել ցուցարարների հասցեին` նրանց անվանելով բարբարոս և անարխիստ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 2-րդ շաբաթն է` շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին Ստամբուլում` Գեզի զբոսայգու վերակառուցման նախագծի դեմ բողոքից: Այնուհետև բողոքի ալիքը տարածվեց մյուս քաղաքներում: Բնապահպանական կարգախոսները փոխարինվեցին քաղաքականով, իսկ խաղաղ ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Արդեն ձերբակալվել է ավելի քնա 1000 մարդ, տուժածների թիվն իրավապաշտպանները գնահատել են շուրջ երեք հազար, զոհվել է առնվազն երեք մարդ: Թուրքիայի իշխանությունները սկզբում հայտարարել էին, թե մտադիր չեն զիջումների գնալ, սակայն հետագայում համաձայնեցին կասեցնել Թաքսիմ հրապարակի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսում էր առևտրի կենտրոնի կառուցում: Ի դեպ, հրապարակի վերակառուցման բուն գաղափարից նրանք չեն հրաժարվել: