Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն: Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը:
Նշենք, որ ավելի վաղ, ԱրմԻնֆո գործակալությունը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ քաղաքապետարանում տեղի ունեցող խորհրդակցությունում ընդունվել է ուղևորափոխադրումների վարձը նախկին 100 դրամին վերադարձնելու մասին որոշում:
Իսկ քաղաքապետի նախկին որոշումով նախատեսվում էր հուլիսի 20-ից երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ուղևորավարձը 100 դրամից բարձրացնել մինչև 150 դրամ, ինչն էլ դարձավ բողոքի լայնամասշտաբ ակցիաների անցկացման պատճառը: