Ֆրանսիայի նախագահի`մայիսի 12-ին Ադրբեջան նախատեսվող այցը կարող է չկայանալ: Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները`կապված այսօր Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ և Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության կողմինակիցներ Արիֆ և Լեյլա Յունուսների ձերբակալության հետ:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հարավային Կովկաս այցն սկսվում է մայիսի 8-ին: Նա այցելելու է Թբիլիսի, Բաքու և Երևան: Բաքվում պետք է տեղի ունենա նրա հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես`Լեյլա Յունուսի հետ` որպես Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ: Անկախ դիտորդների կարծիքով, հայտնի իրավապաշտպանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը, մասնավորապես`նրա նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումը, հարցականի տակ է դնում այդ հանդիպումը: Նրանք գտնում են, որ այդ սկանդալի հետևանքները պաշտոնական Բաքվի համար դժվար է կանխատեսել, սակայն, կասկած չկա, որ ֆրանսիական կողմը պնդելու է ապահովել Յունուսի անվտանգությունը, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Ֆրանսիայի դեսպանը ու նրա տեղակալն ուղեկցել են Լեյլա և Արիֆ Յունուսներին Բաքվի օդանավակայանում, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Փարիզ: Եթե Ֆրանսիայի նախագահի Բաքու ժամանման պահին Յեյլա Յունուսին քրեական մեղադրանք առաջադրվի կամ նա կալանավորվի, հնարավոր է, որ պաշտոնական Փարիզը համապատասխան դեմարշ անի:
Հետաքրքիր է նշել, որ Turan գործակալության հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Բաքու այցի նախաշեմին արտաքին քաղաքականության գծով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն գործակալությանը պատմել է այդ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի չկայացած այցի մասին: ՙ1998 թվականին պատրաստվում էր Շիրակի այցը Բաքու, ինչը քաղաքական մեծ նշանակություն ուներ Ադրբեջանի համար: Նախապատրաստական ողջ աշխատանքն ավարտված էր, երբ մենք անսպասելիորեն հաղորդագրություն ստացանք, որ այցը չի կայանալու: Ֆրանսիայի նախագահը հաղորդել էր, որ եթե այցելի Ադրբեջան, անպայման պետք է այցելի նաև Հայաստան: Իսկ եթե մեկնի Հայաստան, իրեն կարող են համոզել այցելել Լեռնային Ղարաբաղ, և իր համար դժվար կլինի հրաժարվել: Այդ պատճառով Ժակ Շիրակը խնդրել է ներել իրեն ու չսպասել՚,- ասել է Գուլուզադեն: ՙՀուսով եմ, որ պարոն Օլանդի մոտ ցանկություն չի առաջանա առանց Բաքվի գիտության և ցանկության մեկնել Ղարաբաղ, եթե նույնիսկ նրան շատ խնդրեն: Համենայն դեպս, մեր իշխանությունները պետք է նկատի ունենան դա`նման անակնկալ թույլ չտալու համար՚,- նշել է Գուլուզադեն: