Թուրքիայի և
Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում
խաղաղության հաստատումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Habertürk հետուստաալիքը:
«Նույնիսկ, եթե Թուրքիան և Հայաստանը վերականգնեն բնականոն դիվանագիտական
հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության այդ
հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել», - ընդգծել է նա:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը
նաև ավելացրել է, որ այսօր տարածաշրջանում ամուր կապեր են հաստատվել Ադրբեջանի,
Թուրքիայի և Վրաստանի միջև: Նրա ասելով, եթե հաշվի չառնենք Երևանի և Մոսկվայի
հարաբերությունները, ապա, կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացման մեջ է:
Թուրքիայի արտգործնախարարը վերստին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների
կարգավորումը կապել է, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» ազատման հետ: «Պաշտոնական
Անկարան նման իրադրության կողմնակից չէ, սակայն, եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ գոյություն
ունեցող մեկուսացումից, ապա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», -
նշել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Դավութօղլուն կժամանի
Երևան` մասնակցելու ՍՏՀԿ երկրների
արտգործնախարարների հանդիպմանը: