Լարվածության սրումը ղարաբաղյան հակամատրության գոտում կարող է անդրադառնալ Վրաստանի վրա և հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին, Թուրքիային, հնարավոր է՝ նաեւ Իրանին: Այդ մասին գրում
է Bloomberg-ը` վկայակոչելով վերլուծաբան Լոուրենս Շիթսին:
Նրա
ասելով, վերջին բախումները Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում աննախադեպ էին, այդ թվում՝ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքի իմաստով: «Ցավոք, ոմանք բավականաչափ լրջորեն չեն մոտենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրմանը: Սա պատերազմ է, եւ մեզ մի քանի քայլ է բաժանում այն բանից, երբ կողմերը կարող են կործանիչ եւ բարդ հրթիռային համակարգեր կիրառել, որոնք կարող են հանգեցնել զանգվածային զոհերի և ավերածությունների»,- նշում է Շիթսը: Բրիտանացի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալն իր հերթին կարծում է, որ Ռուսաստանին հարկավոր չէ
անկայունության ալիք իր հարավային սահմաններում, ինչով և պայմանավորված էր
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ միջև ինն ամսվա ընդմիջումից հետո Սոչիում
հանդիպում կազմակերպելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը: «Ռուսաստանը մեծ մղում ունի՝ կանխելու նոր հակամարտությունը, քանի որ դա իր հարավային սահմաններում անկայունության ալիք կբարձրացնի: Մոսկվան նաեւ ռազմական պարտավորություններ ունի Հայաստանին պաշտպանելու հարցում, ինչը, բնականաբար, կարող է ի չիք դարձնել Ադրբեջանի հետ մանրակրկիտ մշակված հարաբերությունները»,- նշել է նա: