Սեպտեմբերի 25-ին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով Աբովյանում ոչ իշխանական ուժերի հանրահավաքում, քննադատել է իշխանությունների գործունեությունը:
Նրա խոսքով, իշխանությունների անգործությունը և վրիպումները երբեք այսքան ակնհայտ չեն եղել: Օսկանյանը նշել է, որ միայն պետական վիճակագրության տվյալներից ելնելով` կարելի է ասել, որ վերջին 7 տարում ներկայիս իշխանությունները դոփել են տեղում: Դա, մասնավորապես, վերաբերում է օտարերկրյա ներդրումների ծավալի նվազմանը և արտաքին պարտքի աճին:
Ստեղծված իրավիճակի պատճառը, Օսկանյանի կարծիքով, քաղաքական մոնոպոլիայի մեջ է, որտեղ ամեն ինչ որոշվում և կառավարվում է մեկ ուժի կողմից: Քաղաքական մոնոպոլիան իր հերթին հանգեցնում է տնտեսական մոնոպոլիայի, ինչը բացասաբար է ազդում քաղաքացիների բարեկեցության վրա:
Ինչպես նշվել է, չի արդարացրել իրեն նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Չնայած դրան, Օսկանյանի խոսքով, իշխանությունների վերարտադրվելու ցանկությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել:
Նշենք, որ Աբովյանի հանրահավաքին մասնակցում են ոչ իշխանական եռյակի /ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես/ ներկայացուցիչները: