ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2014թ. ապրիլի 20-ից 22-ը Երևանում կազմակերպում է ՙԱռաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը:
Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՚ խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հարուրամյակին:
Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման վերաբերյալ անհայտ աղբյուրներին, ռազմական գործողությունների թատերաբեմում փախստականների առկայությանը, պատերազմական իրավիճակում Օսմանյան կայսրության և նախկին Ռուսական կայսրության տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման դրվագներին:
Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը կներառեն հետևյալ թեմաները` Պատերազմ և ցեղասպանություն; Ռուս զինվորականները որպես ցեղասպանության վկաներ; Զինվորական լուսանկարիչները և “մոռացված պատերազմի” Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը; Պատերազմ և գիտություն. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածում պատերազմի ընթացքում; Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության; Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը; Պատերազմը և կամավորական շարժումը; Մարդասիրական օգնությունը և փախստականները; Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում:
Երիտթուրքական կառավարությունը, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց նախապես ծրագրած Հայոց ցեղասպանություն ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաև Կովկասի և Հյուսիսային Իրանի որոշակի շրջաններում: Կոտորածների ու բռնագաղթի ենթարկվեց նաև տարածաշրջանի հույն, ասորի և եզդի բնակչությունը: