Մարտի վերջին Մելիք գյուղում նոր հանրային լսումներ կանցկացվեն Թուխմանուկ հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի շուրջ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին և 12-ին ՙՄեգո գոլդ՚ ընկերությունը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը Երևանում հանրային լսումներ են անցկացրել նախագծի շուրջ, սակայն դրանց Մելք գյուղից ներկա է գտնվել միայն գյուղապետը: Այս հանգամանքը դժգոհությունների ալիք է բարձրացրել գյուղացիների մոտ, ինչի արդյունքը ՀՀ Բնապահպանությնա նախարարությանն ուղղված նամակն էր` նոր լսումներ անցկացնելու պահանջով:
Ադամյանի խոսքով, Մելիք գյուղի բնակիչների կտրականապես դեմ են ոչ միայն պոչամբարի կառուցմանը, այլ նաև ՙՄեգո գոլդ՚ ընկերության գործունեությանը: Ինչպես նշվել է, ընկերությունն աշխատավարձի գծով պարտքեր ունի: Բացի այդ, գյուղացիները դժգոհում են Թուխմանուկի շահագործման հետևանով էկոլոգիական լուրջ խնդիրներից, որոնց թվում է` բերքատվության նվազումը:
Ոչ պակաս մտահոգիչ է հանքավայրի շահագործման բացասական ներգործությունն առողջության գրա: Ծնելիության անկումը բացասական գործոններից մեկն է, որը նշում են գյուղացիները էկոլոգների հետ զրույցում: Ադամյանը տեղեկացրել է, որ երրորդ պոչամբարը նախատեսվում է կառուցել Մելիք գյուղից ընդամենը 300 մետր հեռավորության վրա:
Ավելի վաղ ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կառուցվելու է Քասախ գետի հունի մոտ, որտեղ կան բնակավայրեր` այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրի անմիջական հարևանությամբ:
Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար` հանքարդյունաբերական թափոններում պարունակվում են մկնդեղ, սելեն, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել մարդու առողջության համար: Միաժամանակ Թուխմանուկի երկրորդ պոչամբարը ցավալի վիճակում է գտնվում. վերջինիս հատակը և պատերը մեկուսացված չեն կավե շերտով, իսկ չոր եղանակին պոչերի թունավոր փոշին տարածվում է շրջակա միջավայրում: