Ռուսական գազի դիմաց Հայաստանի պարտքի ծավալը թվերով
ֆիքսված չէր, այլ որոշվում էր բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել
է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի
պարտք կազմում է 300 մլն.դոլար, միայն վերջերս հայտնի դարձավ:
Վաչե
Գաբրիելյանը, ով երեք տարի զբաղեցրել է ֆինանսերի նախարարի պաշտոնը, ասել է, որ
այդ հարցի պատասխանը կարող է տալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Արմեն Մովսիսյանը:
«Պարտքի
վերջնական գումարի վերաբերյալ, բնական է, որ ես չեմ ունեցել տեղեկություն, քանի որ
բանակցությունների ընթացքում է պարզվել, թե ինչքան կլինի այդ գումարը, ինչն էլ
ներկայացրել է պարոն Մովսիսյանը»,-հայտարարել է Գաբրիելյանը: «Ազատության» հարցին,
թե ինչու հանրությունը տեղյակ չի եղել, որ կուտակվում է նման ծավալի պարտք,
Գաբրիելյանը կրկին պատասխանել է, որ վերջնական թիվը որոշվել է բանակցությունների
ընթացքում:
Պնդումներն այն
մասին, որ ռուսական գազի դիմաց պատքի մասին տեղեկությունը գաղտնի էր պահվում, ելնելով
նախընտրական գործընթացներից, Գաբրիելյանը համարել է «հետաքրքիր տարբերակ»:
«Արտակարգ հետաքրքիր տարբերակ է, որը, գտնում եմ,
իրավունք ունեք քննարկել: Ես ինքնս ներկայումս հակված չեմ դրան
հավատալ»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ
կառավարությունը որոշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իր 20% բաժնետոմսերի վաճառել
Գազպրոմին, 155 մլն.դոլարի պարտքը մարելու համար, որը կուտակվել էր 2012 թվականին:
Հայաստանի այս տարվա պարտքի մի մասը նույնպես Ռուսաստանն իր վրա է վերցրել: Ինչպես
հայտարարել էր ՀՀ էնեորգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,
ռուսական գազի դիմաց Հայաստանի պարտքը 2011 թվականից մինչ օրս կազմում է մոտ 300
մլն.դոլար: Այդ պարտքը կուտակվել է ոչ թե ՀայՌուսգազարդի անարդյունավետ կառավարման
արդյունքում, այլ երկրի բնակչության և տնտեսության համար գազի գները մեղմելու նպատակով
կառավարության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում: