Իհարկե, որոշ քաղաքական ուժեր, սեփական շահերից ելնելով, փորձում են քաղաքականացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշման դեմ վերջին օրերին ծավալված քաղաքացիական անհնազանդության շարժումը, սակայն, այդուհանդերձ, այդ շարժումն ունի սոցիալական բնույթ և ուղղված է աղքատության դեմ: Այդպիսի ՙսենսացիոն՚ հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում` անդրադառնալով վերջին օրերին մայրաքաղաքում տիրող լարված սոցիալական իրավիճակին:
Վարչապետը նշել է, որ բողոքի ակցիաների մասնակիցները ձգտում են սոցիալական համերաշխության և արդարության: Տիգրան Սարգսյանն, անգամ, հավաստիացրել է, որ բողոքավորների ձգտումներն իր համար հասկանալի են: ՙՀայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ պետական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ իրողությունը՚, - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կառավարությունը նաև մեծ կարևորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների անկախությանը, ինչը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը զուգընթաց, ևս մեկ քայլ է ժողովրդավարության ճանապարհին:
Ընդ որում վարչապետը չի վարանել դժգոհության սլաքներն ուղղել մայրաքաաղքի վարչակազմին և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ ուղեվարձերի բարձրացման հարցը Երեւանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում է, և պահանջել է այսուհետև ց անկացած կարևոր որոշում կայացնելուց առաջ անցկացնել հանրային խորհրդատվություններ: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարության անդամներն ու անձամբ ինքն այս օրերին ուշադիր հետևում են քաղաքապետարանի գործողություններին:
Նշենք, սակայն, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ քաղաքապետարանի որոշումն անակնկալ չէր կառավարության համար, ինչպես ակնկարկում է Տիգրան Սարգսյանը: Մինչև այդ որոշման կայացումն այն քննարկվել է կառավարության երկու նիստերում: Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման անհրաժեշտության մասին բազմիցս արտահայտվել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով հարցազրույցներից մեկում ցնցող հայտարարություն էր արել. ՙՄենք փորձում ենք անել այնպես, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը բխի ժողովրդի շահերից՚: Հետագայում Բեգլարյանը բազմիցս փորձել է բացատրել այս միստիկական արհատայտության էությունը և հիմնավորել տրանսպորտի ուղեվարձի բարձրացման անհրաժեշտությունը: Սակայն քաղաքացիական դժգոհության ալիք բարձրանալուց հետո կառավարությունն ըստ ամենայնի փորձում է զերծ մնալ այդ որոշումից և պատասխանատվությունը գցել քաղաքապետարանի վրա:
Կառավարության շենքի առջեւ ընթանում է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիա: