Ոստիկանները բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին և ակտիվիստներին, ովքեր մասնակցում էին Կոմիտաս 5 հասցեի շենքի բակում բնակելի համալիրի կառուցման դեմ բողոքի ակցիային: Խզմալյանին և ակտիվիստներին հաջողվել է ներթափանցել շինհրապարակ, որտեղ նրանք փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքների մեկնարկին: Արդյունքում` ոստիկանները Տիգրան Խզմալյանին և ակտիվիստներին նստեցրել են ոստիկականական մեքենաներ, իսկ շենքի բնակիչները ճանապարհը փակել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում:
Հիշեցնենք, որ Կոմիտասի 5 հասցեի շենքի բնակիչներն արդեն երկար ժամանակ բողոք են հայտնում իրենց բակի հաշվին բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր կառուցելու մտադրության դեմ: Նրանք կազմակերպել էին պիկետ, ինչի շնորհիվ հաջողվել էր մի քանի օրով դադարեցնել շինաշխատանքները: Սակայն հետագայում Ոստիկանությունը շինհրապարակից դուրս էր մղել պիկետի մասնակիցներին, և աշխատանքները շարունակվել էին Ոստիկանության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: Չնայած դրան` բողոքի ակցիաները նշված հասցեում շարունակվում են: Այսօր կարմիր բերետավորները շրջապատել են ակտիվիստներին և շենքի բնակիչներին, որոնք բողոքում են ապօրինի շինարարության դեմ, և ապահովել էին շինարարական տեխնիկայի մուտքը բակ:
Կառուցապատմանը դիմակայելու փորձ անելիս ակցիայի մասնակիցներից մեկն ավելի վաղ մտադրվել էր ցած նետվել Կոմիտասի 5 հացսեի շենքի մերձակա կիսակառույց շինությունից: ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը, և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՙԿտրվի լրացուցիչ տեղեկատվություն՚, - ասվում է հաղորդագրությունում