Նախատեսվում է, որ Հայաստանում կսկսեն գործել միանգամից երեք ավիափոխադրողներ, ինչը դրականորեն կանդրադառնա ավիափոխադրումների ոլորտում տիրող մրցակցային միջավայրի վրա: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսիսյանը:
Իր այսօր կայացած նիստում կառավարութոյւնն ընդունել է երկրի օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգը: Ըստ Մովսիսյանի, առաջիկայում ՔԱԳՎ-ն կհայտարարի ավիաչվերթների մրցույթների մասին: Համաձայն ընդունված հայեցակարգի, ազգային ավիափոխադրողների համար որևէ արտոնություններ կամ բացառիկ իրավունքներ չեն նախատեսվում, ինչպես դա տեղի ուներ ՙԱրմավիայի՚ պարագայում, ասել է Մովսիսյանը: Նա նշել է, որ Հայաստանում գրանցված է 10-12 ավիաընկերություն, որոնց կեսն ունի ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիա: Մրցույթների պահանջները կլինեն` ինքնաթիռների տեխնիկական վիճակը, տոմսերի վաճառքի համակարգը, թռիչքների անվտանգությունը և ընկերությունների ֆինանսական կայունությունը: Մրցույթները կլինեն հիմնական գործող չվերթների գծով: Քանի որ Մոսկվան հանդիսանում է բավականին գրավիչ ուղղություն, այն անպայման ընդգրկված կլինի բոլոր մրցույթներում, նշել է Մովսիսյանը, հավելելով, որ մրցույթներ կհայտարարվեն նաև դեպի Եվրոպա, ԱՊՀ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներ ուղղություններով: Նա չի բացառել նաև հայ ավիափոխադրողների չվերթների օգտագործումը ոչ ռեզիդենտների կողմից` ՀՁ ստեղծելու դեպքում, որտեղ բաժնետոմսերի 51%-ին պետք է տիրապետի հայկական կողմը, նշել է Մովսիսյանը:
Մովսիսյանը հույս է հայտնել, որ օդային թռիչքների շուկայի ազատականացումը կառաջացնի մրցակություն և տոմսերի արժեքները կնվազեն: Հայեցակարգի քննարկման ընթացքում արտահայտվել են նաև հակասական կարծիքներ, սկսած պետության 100% մասնակցությունից մինչև լիովին բաց երկնքի սկզբունքները: Վերջինը ներկայիս փուլում անընդունելի է, քանի որ Հայաստանում դեռ ձևավորված չեն կայացած ազգային ավիաընկերությունները, նշել է նա: Այս կապակցությամբ էլ նախատեսվում է օդային փոխադրումների շուկայի փուլային ազատականացում: Առաջին փուլը հաշվարկվել է 5 տարիների համար: Ըստ Մովսիսյանը, 5 տարին լիովին բավական է ներդրված միջոցները ետ վերադարձնելու համար: Հայեցակարգով նախատեսվում է նաև ԵՄ հետ` Հայաստանը միասնական եվրո գոտու մեջ ներգրավելու վերաբերյալ :