Առաջիկա ընտրական փուլում նոր մարզչի խնդիրը պետք է լինի Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նոր ընտրական փուլում 39-ամյա վարդան Մինասյանը, ում պայմանագիրն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, չի ղեկավարի հավաքականը, քանի որ հրաժարվել է այն երկարաձգել: Նրա խոսքերով, նա գերադասել է իր կարիերայի այլ շարունակություն, իսկ նոր մարզչի անունը դեռ հայտնի չէ:
ՙԴա իմ անձնական երազանքն ու կյանքիս նպատակն է: Այն պայմաններում, երբ նման խնդիր էր դրվել Վարդան Մինասյանի առջև ԱԱ-2014 թվականի ընտրական մրցաշարի ՙմահվան խմբում՚, և մենք գրեթե մոտ էինք այդ ձեռքբերմանը, ապա նոր մարզչի համար մեկ այլ խնդիր ես չեմ տեսնում՚,-ընդգծել է Հայրապետյանը: Նրա խոսքերով, հաշվի առնելով, որ հավաքականը չմտավ աշխարհի առաջնությնա եզրափակիչ փուլ, հետևաբար, ընտրական այս փուլը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց ձախողումով:
Ըստ Հայրապետյանի, հավաքականի առանձին անհաջողությունների հիմնական պատճառը պահեստայինների նստարանի ՙշատ կարճ լինելն էր՚: ՙՑավոք, Դանիայի և Չեխիայի հետ հանդիպումներում, հիմնական 5-6 խաղացողների բացակայության պայմաններում, նման որակի խաղի ապահովումը մեր ունեցած պահեստային խաղացողներով անհնար էր: Իհարկե, դա չի վերաբերվում ինձ համար մինչև հիման անհասկանալի պարտությանը Մալթայի հավաքականից, Երևանում: Վստահ եմ, որ մեր տղաներն իրավունք չունեին պարտվել մալթացիներից, անգամ 9 հոգով: Դա մեր ամենամեծ ձախողումն էր՚,-նշել է Հայրապետյանը:
Ըստ ՀՖՖ նախագահի, հավաքականի լավագույն խաղը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումն էր Երևանում, որտեղ հայ ֆուտբոլիստները ՙհասան նրան, ինչը շատ էին ուզում վերջին տարվա ընթացքում՚: Մեկնաբանլով Բուլղարիայի Ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովի սպառնալիքը, որ ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին կբողոքարկի հայերի ընդունելությունը, Հայրապետյանը հայտարարել է, որ ՙնա կարող է բողոքել ուր ուզում է, քանի որ բուլղարացիները Երևանում արժանի էին այն ընդունելությանը, ինչին իրենք Սոֆիայում ցուցաբերեցին հայերի նկատմամբ՚: