Օգոստոսի 17-ին Արմավիրի մարզում գտնվող Օշականի հուշահամալիրում կնշվի թվով տասն անգամ գերազանցող պարսից բանակից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ) գեներալ Կրասովսկու ջոկատի և հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:
Ինչպես նշվում է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, այդ ակցիայի շրջանակներում ՙՕշականի հերոսներին՚ հուշարձանի մոտ կդրվեն պսակներ և ծաղիկներ, և կմատուցվի զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ` Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցու ծեսերով: Օշականի հերոսներին զինվորական պատիվներ կմատուցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արմավիրի սահմանապահ ջոկատի Պատվո պահակախմբի վաշտը:
Նույն օրը Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարևանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:
Ակցիային կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական ազգային միությունե հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը: Կազմակերպիչներն են ՙ«Ռոսիա՚ հասարակական կազմակերպությունը (Էջմիածնի մասնաճյուղ), Էջմիածնի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, Հայաստանում ՙՌուսհամագործություն՚ դաշնային գործակալության ներկայացուցչությունը: Մասնակիցների թվում են Արմավիրի և Արագածոտնի մարզպետարանները, Օշական գյուղի ադմինիստրացիան, Ռուսական 102-րդ ռազմական բազան, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ռուս հայրենակիցներ, հասարակական, երիտասարդական, վետերանական և կրոնական կազմակերպություններ, կազակական միավորումներ, Երևանի, Էջմիածնի և Օշականի հասարակայնությունը: