Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, կլինեն Ռուսաստանի և Հայաստանի վերջին ղեկավարները, որոնց քաղաքական հայացքներում և աշխարհայացքում ինչ-որ ընդհանուր բան կա: Ավելին, Հայաստանի հաջորդ ղեկավարը, հնարավոր է, գործնականում, նույնիսկ ռուսերեն չխոսի: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
ՙԱստիճանաբար փոխվում է երկու երկրների հասարակական ընկալումը, հատկապես` սերնդափոխությանը զուգընթաց, իսկ ԽՍՀՄ նկատմամբ կարոտախտը գնալով ավելի քիչ դեր է խաղում հայ-ռուսական հարաբերություններում: Ավելին, Հայաստանի երիտասարդության շրջանում պուտինյան Ռուսաստանն առավելապես ընկալվում է որպես Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների խոչընդոտ: Իր հերթին` ռուսների շրջանում ԽՍՀՄ փլուզումն արդեն չի ընկալվում որպես մեծագույն աշխարհաքաղաքական աղետ: Այդ պայմաններում Հայաստանը, չնայած անվտանգության ոլորտում համագործակցությանն ու Ռուսաստանից տնտեսական կախվածությանը, իրականացնում է կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն` փորձելով պահպանել հաշվեկշիռը Հարավային Կովկասում ներգրավված բոլոր միջազգային և տարածաշրջանային տերությունների միջև՚, - նշել է քաղաքագետը:
Հաշվի առնելով պաշտոնական Կրեմլի խանդի տեսարանները, որոնցով ուղեկցվում են իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և ռիսկերը նվազագույնի հասցնելու Հայաստանի փորձերը, աշխուժացնելով հարաբերություններն Արևմուտքի հետ, Մինասյանի կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն օբյեկտիվորեն կարելի է բնորոշել կոշտ գործնականության, աշխարհագրության հզոր գործոնի կարգերոմվ: Ավելին, հենց ընդհանուր սահմանի բացակայությունն է բարենպաստ պայմաններ ստեղծում Երևանի և Մոսկվայի միջև գործնական համագործակցության համար, և այդ իմաստով Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան Վրաստանը կամ Ադրբեջանը: