Արարատբանկը 2014 թվականի առաջին 5 ամիսների արդյունքում արձանագրել է
1.8 մլրդ.դրամի զուտ շահույթ: Ինչպես բանկի բաժնետերերի տարեկան ժողովի
շրջանակներում նշել է Բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, զուտ շահույթը
գերազանցել է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշները:
«Բանկն ամբողջությամբ
տրամադրված է դրականորեն: Մենք մտադիր ենք մեծացնել ագրովարկերի պորտֆելը, ինչպես
նաև 5-ով ավելացնել մասնաճյուղերի թիվը: Բանկը շեշտադրում է նաև փոքր վարկերի
տրամադրման վրա, քանի որ անցյալ տարի մենք կատարեցինք վարկային ներդրումների
դիվերսիֆիկացում, թեքվելով դեպի ՓՄՁ, անհատ ձեռներեցության և մանրածախ վարկավորման
կողմը» - ասել է Օսիպյանը: Շարունակելով խոսել բանկի 2013 թվականի
ձեռքբերումներից, Վարչության նախագահը հիշեցրել է 3 տարի մարման ժամկետով դրամային
և դոլարային կորպորատիվ պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև միջազգային
կազմակերպություններից 34.4 մլն.դոլար ծավալով միջոցների երգրավման մասին:
«Ներկայումս պայմանավորվածություն կա 2014 թվականին 27 մլն.դոլար ներգրավելու
մասին: Առաջիկայում մենք մտադիր ենք Զարգացման միջազգային ֆոնդի (OFID) հետ ստորագրել 10 մլն.դոլարի համաձայնագիր, ինչպես նաև 15 մլն.դոլար
ներգրավել Հոլանդական զարգացման բանկից»,-նշել է Օսիպյանը: «2013 թվականն
ընդհանուր առմամբ հաջողված էր Արարատբանկի համար: Բանկի գործադիր մարմինը կատարեց
իր առջև դրված բոլոր խնդիրները: Բանկն ամրապնդեց իր դիրքերը շուկայի բոլոր
հատվածներում, ընդգրկելով 4-ից մինչև 14%-ը»,-ընդգծել է բանկի ղեկավարը:
Նշենք, որ Արարատբանկի
ակտիվների 2013 թվականի վերջին կազմել են 125,2 մլրդ դրամ, 2012-ի համեմատ
աճելով 10.1%: Ընդհանուր կապիտալն աճել է
19.3%, մինչև 19.6 մլրդ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 11,1%, մինչև 59.6
մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել
են 8.6% և կազմել
105.6 մլրդ դրամ: Բանկի
զուտ շահույթն անցյալ տարի կազմել է 3,083 մլրդ դրամ:
Արարատբանկի
հիմնական բաժնետերերն են`«Ֆլեշ» ընկերությունը (նախագահ`Բարսեղ Բեգլարյան)`
64,24%, ինչպես նաև EBRD-ն`25% +1 բաժնետոմս, Rural Impulse Fund II-ը (բելգիական Incofin Investment Management - Incofin
IM խմբի անդամ)` 10%: