Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա ընդդեմ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:
Ակցիան կազմակերպել են ՙՉենք վճարի 150 դրամ՚ շարժման ակտիվիստները և ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը: Ակտիվիստներն ընթերցել են կառավարությանն ուղղված դիմումը, որում ընդգծվում է, որ չեն համաձայնի նոր սակագնին, նույնիսկ այն դեպքում, եթե կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվի սոցիալապես անապահով շերտերի ուղեվարձի սուբսիդավորման մասին: Ակտիվիստները նաև պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ` իրենց պահանջները ներկայացնելու համար:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցն իրադարձության վայրից, ակցիայի անցկացմանը փորձում է խոչընդոտել, այսպես կոչված, ՙհանրապետական տատիկը՚, ով, որոշ տեղեկությունների համաձայն, որոշ բարձրաստիճան հանրապետականների ՙխնամակալության՚ տակ է: Նա, մասնավորապես, ի պատասխան 100 դրամ ուղեվարձ վճարելու կոչերին, վանկարկում է. ՙ200, 200՚` դրանով իսկ փորձելով ակտիվիստներին հրահրել ծեծկռտոցի:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ երեկ երեկոյան կառավարությանը հայտ էր ներկայացրել իր նախաձեռնած ՙգաղտնի հարցը՚ քննարկելու առաջարկությամբ: Դա, գործնականում, եզակի դեպք է, երբ կառավարությանը նման առաջարկով են դիմում: ՙԳաղտնի հարցի՚ քննարկման ընթացակարգը ենթադրում է տեսախցիկների անջատում կառավարության նիստերի դահլիճում: