Ռուսաստանի կողմից իր դաշնակցին` Հայաստանին տրամադրվող
մի շարք «հումքային ծառայությունների» ծավալները բազմաթիվ անգամ գերազանցում են
Հայաստանին հատկացվող բազմաթիվ ամերիկյան և եվրոպական դրամաշնորհները: Այս
մասին Երևանում, պատգամավորների հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի
միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ
Շվիդկոյը, հայ-ռուսական խորհրդարանական ակումբի շրջանակներում:
«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ռազմավարական
գործընկեր-երկիր: Այստեղից են առաջ գալիս մի շարք տնտեսական, էներգետիկ,
ռազմա-տեխնիկական և այլ նախագծերը, որոնցով Հայաստանն ստանում է հումքային օգուտ:
Համենայն դեպս, վճարում է շատ անգամ ավելի քիչ, քան ցանկացած այլ գործընկեր: Եվ դա
այն պատճառով, որ մենք ռազմավարական համագործակցությամբ միմյանց կապված երկրներ
ենք: Արևտյան դրամաշնորհներն ու ռուսասկան օգնությունը համադրելի թվեր չեն, բայց,
ցավոք, դրա շուրջ քչերն են մտորում»,-նշել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, իհարկե, դրամաշնորհի տեսքով «կենդանի»
միլիոն դոլարն ավելի «տեսանելի» է, քան անուղղակի հարյուր միլիոնը: Բայց
հայ-ռուսական համագործակցությունը, վերջին հաշվով, ազդում է քաղաքացիների
գնողունակության, ինչպես նաև հասարակ մարդկանց սոցիալ-տնտեսական ընդհանուր վիճակի
վրա: «Դրանք ուղղակի դրամաշնորհներ չեն, բայց դա տնտեսական այն աջակցությունն է,
որը քաղաքացիներին թույլ է տալիս այլ ձևով օգտագործել իրենց բյուջեն»,-ասել է
Շվիդկոյը:
Մշակույթի նախկին նախարարը շատ կարևոր է համարում նաև
երկու ժողովուրդների միջև հումանիտար կապերի զարգացումն ու ինտենսիվացումը:
«Անհրաժեշտ է ինտենսիվ մշակութային և կրթական փոխանակություն: Դրա մեջ է
համագործակցության և բարեկամության գրավականը: Մեր երկրներն ու ժողովուդները պետք
է բացվեն միմյանց առջև: Օրինակ, վերջին 3-4 տարիներին Հայաստան այցելած
ռուսաստանյան տուրիստների թիվն զգալիորեն աճել է, իսկ դա ուրախացնում է»,-ասել է
Շվիդկոյը:
Նա
համաձայն է այն կարծիքներին, որ ռուսաստանյան երիտասարդությունը, ինչպես նաև ավագ
սերունդը, արդեն շատ վատ է պատկերացնում կյանքը ետխորհրդային մյուս երկրներում:
«Այսօրվա ռուսաստանյան հասարակությունում պակասում են տեղեկատվական և
լուսավորչական լուրջ ծրագրերը, որոնք ցույց կտային Հայաստանի, Վրաստանի,
Ադրբեջանի, և նաև Ուկրաինայի կյանքը: Շատ բան է տեսադաշտից անհետացել: Ես տանել
չեմ կարող «կովկասյան ազգության ներկայացուցիչ» բառակազմությունը: Այն, իմ
կարծիքով, կատարյալ հիմարություն է: Կան կովկասյան Մեծ ժողովուրդներ, որոնք իրոք
մեծ են, առանց բացառության: Բայց նրանք բոլորն էլ շատ տարբեր են»,-գտնում է
Շվիդկոյը